Վենեսուելայի նախագահական ընտրություններում հաղթել է ՈՒգու Չավեսը։ Գործող նախագահի օգտին է քվեարկել ընտրողների 54,42 տոկոսը։ Նրա հիմնական մրցակից, ընդդիմադիրների առաջնորդ Էնրիկե Կապրիլեսը ստացել է ձայների 44,97 տոկոսը։ Չավեսն իշխանության է եկել 1998 թվականին և մինչ օրս պահպանում է նախագահական իր աթոռը։
Նախընտրական արշավը բավականին լարված էր և անկանխատեսելի։ Չավեսին լուրջ այլընտրանք էր ներկայացնում ընդդիմության թեկնածուն, որին աջակցում էր ընդդիմադիր 30 կուսակցություն։ Նշենք, որ Կապրիլեսն արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել Չավեսին հաղթանակի առթիվ։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 19 միլիոն ընտրող։ Ընտրատեղամասերի առաջ առաջացել էին մի քանի թաղամաս ձգվող հերթեր։
Վենեսուելան աշխարհում նավթ մատակարարող հիմնական երկրներից մեկն է։ Վերջին տասնամյակում նավթի բարձր գները թույլ են տվել կառավարությանը հսկայական գումարներ հատկացնել առողջապահական, կրթական համակարգերին, ինչպես նաև՝ բնակարանաշինությանը։ Չավեսի խոսքով՝ իրեն ևս մեկ ընտրաշրջան է պետք գտնվել երկրի ղեկավարի պաշտոնում, որպեսզի երկիրը վերջնականապես հասցնի սոցիալիզմի հանգրվանին։